ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ոք ազատ արտահայտվելու իրավունք ունի»

«Պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ոք ազատ արտահայտվելու իրավունք ունի»
02.09.2008 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՐԿԻՐ Է, ԲԱՅՑ` ՈՉ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ»
Սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը զուտ մարզական հետաքրքրությունների դաշտից տեղափոխվել է քաղաքական հարթություն, ինչը պայմանավորված է, նախ և առաջ, Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հրազդան» մարզադաշտ հրավիրելու փաստով։ Սա միանշանակ չընդունվեց հայաստանյան քաղաքական ուժերի, մասնավորապես, ՀՅԴ-ի կողմից, որն այսօր Մատենադարանի մոտ հանրահավաք է հրավիրել։ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ զրուցում ենք այս և հարակից հարցերի շուրջ։
-Պարոն Շահբազյան, փաստորեն, դատարանը չեղյալ հայտարարեց հանրահավաքը մերժելու քաղաքապետարանի որոշումը՝ անհիմն որակելով ներկայացված պատճառաբանությունները։ Ինչպե՞ս է ստացվում, որ նույն տարածքում մեկ քաղաքական ուժի դեպքում պատճառները հիմնավոր են, մյուսի պարագայում՝ ոչ։
-ՈՒրիշների հայտերի մերժման մասին ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մերժման պատճառները չգիտեմ։ Մեր հայտը մերժվեց նախ` տեխնիկական պատճառով, քանի որ մեր որոշման արձանագրության քաղվածքը չէինք ներկայացրել։ Հաջորդ պատճառն այն էր, որ հանրահավաքի անցկացման օրը Երևանում ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված միջոցառումներ են նախատեսվում, սակայն դատարանը գտավ, որ անհիմն են մերժման այս պատճառները, որից հետո ևս մեկ դիմում ներկայացրինք քաղաքապետարան, չնայած կարող էինք հանրահավաքը մեխանիկորեն կազմակերպել։ Հանրահավաքի համար երկու տեղ էինք նշել, այս անգամ՝ մեկը, այն է՝ Մատենադարանի հարակից տարածքը։
-Տվյալ պարագայում քաղաքապետարանին մնում է միայն դրակա՞ն պատասխան տալ։
-Քաղաքապետարանն այլևս իր համաձայնությունը չի տալիս։ Երկրորդ անգամ դիմելով՝ մենք պարզապես իրազեկում ենք, որ հանրահավաքն անցկացվում է Մատենադարանի մոտ։ Դատարանի որոշումից հետո կարելի է մեխանիկորեն անցկացնել հանրահավաքը։
-Փաստե՞նք, որ հանրահավաքն արտոնված է։
-Այո, արտոնված է։
-Ընդդիմությունն արդեն հինգ տասնյակից ավելի իրազեկումներ է ներկայացրել քաղաքապետարան, դրանք վիճարկել դատարաններում, սակայն ապարդյուն։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ քաղաքական որոշում է կայացվել։
-Որքան տեղյակ եմ՝ ընդդիմության հայտերը մերժվում են այն պատճառով, որ իրավապահ մարմինները մտավախություն ունեն, թե կարող են անկարգություններ, տհաճ միջադեպեր տեղի ունենալ։ Որքանով են դրանք հիմնավոր, չեմ կարող ասել։ Մեր դեպքում նման խնդիր չկար։ Անձամբ ես կարծում եմ, որ պետք է արտոնվեն բոլոր հանրահավաքները։ Իհարկե, հասկանում եմ, որ մտավախություններ ևս կլինեն, քանի որ մեր ժողովուրդը ճամբարների բաժանվեց, ու կան շերտեր, որոնք իրար խիստ հակասող քաղաքական պատկերացումներ, կողմնորոշումներ ունեն։ Իսկապես, առկա է ներքին հակամարտություն, իսկ քաղաքական կրքերն էլ ամբողջովին չեն մարել։ Կարծում եմ՝ ավելի խոհեմ կլինի, եթե անվտանգության որոշակի միջոցառումներ ձեռնարկելուց հետո արտոնեն բոլոր հանրահավաքները։ Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրն ազատ արտահայտվելու իրավունք ունի։
-Հայաստանում այդ իրավունքն ազատորեն գործո՞ւմ է։
-Հայաստանում բավականին շատ ազատություններ կան։ Մենք, իսկապես, ունենք ժողովրդավարացման խորացման խնդիրներ, երբ բոլորն ազատ արտահայտվելու հնարավորություն կունենան՝ պահպանելով օրենքով սահմանված պատշաճության, օրինականության սահմանները։ Հայաստանը բավականին ազատ երկիր է, բայց` ոչ ամբողջովին։
-Այս հանրահավաքի անցկացմամբ ՀՅԴ-ն իր անհամաձայնությո՞ւնն է հայտնում ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքական կուրսին։
-Տեսակետ կա, որ եթե քաղաքական ուժերը միմյանց հետ համագործակցում են, ապա կորցնում են իրենց ինքնուրույնությունը և եփվում են մի կաթսայի մեջ։ Եթե քաղաքական ուժն իշխանության դաշտում է, ուրեմն պետք է չասի, որ այս-այս բանը ճիշտ և հիանալի չէ։ Սա զարմանալի է։ Շուրջ քսան տարի է անցել խորհրդային իշխանության ժամանակներից, բայց դեռևս պահպանվում է ավտորիտար մտածողությունը։ Մենք մեր ինքնուրույնությունը, իշխանության մաս կազմելով, չենք կորցրել։ Կոալիցիայի մեջ մտել ենք Հայաստանի առաջիկա հինգ տարիների զարգացման սկզբունքների շուրջ համաձայնության գալով։ Ծրագիր, սկզբունք. ահա սա է մեզ կապում կոալիցիային։ Մյուս հարցերում մենք տարբեր ենք։ Ինչո՞ւ պետք է այնպես լինի, որ այլ կուսակցություն ներկայացնող նախագահի հայացքները, քաղաքական կողմնորոշումներն ամեն ինչում համընկնեն մեր պատկերացումների հետ։ Այդպես չի լինում։ Այդպես լինում է, երբ քաղաքական ուժերը գտնվում են մեկի գրպանում, ինչպես բրեժնևյան կամ ստալինյան ժամանակներում էր։ Այն, որ ՀՅԴ-ն հայ-թուրքական հարաբերությունների, արտաքին կողմնորոշումների առումով տարբեր է, վաղուց է հայտնի։ Որպես արտաքին քաղաքականությունն ուղեգծող և իրականացնող անձ՝ Սերժ Սարգսյանը նոր է այս կարգավիճակի մեջ ու ցանկանում է իր քաղաքականությունը բյուրեղացնել, ուստի ինչ-ինչ մարտավարական հարցերում նախագահի հետ մենք կարող ենք որոշ տարաձայնություններ ունենալ, սակայն ռազմավարական ընդհանուր դրույթների առնչությամբ սկզբունքային անհամաձայնություններ չունենք։ Այնտեղ, որտեղ չեն համընկնի այդ սկզբունքները, մեր ճանապարհները կարող են բաժանվել, այսինքն, եթե այդ տարակարծությունները շատ բևեռանան, մենք մեր դիրքորոշումները հստակեցնելու անհրաժեշտություն կունենանք։ Այսօր այսպիսի խնդիր չենք տեսնում։
-Ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացումը ՀՅԴ-ին հոգեհարազա՞տ է։
-Չասենք` հոգեհարազատ, բայց մենք ընդունում ենք, որ նմանօրինակ հարաբերություններ պետք է լինեն հարևանների միջև։ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, երբ դաշնակցությունն էր իշխանության ղեկին, Թուրքիայի հետ որոշակի դիվանագիտական հարաբերություններ էր պահպանում՝ հենվելով քաղաքական դավանանքի վրա. հարաբերությունները չպետք է լինեն ինքնանպատակ, ազգային շահը երբևէ չպետք է տուժի։ Մենք նաև կողմ ենք առանց նախապայմանների հարաբերություններ սկսելուն։ Մինչդեռ Թուրքիան այսօր մի քանի նախապայման է առաջ քաշում, որոնք մեզ համար անընդունելի են։ Հիմա, երբ Թուրքիայի նախագահը գալիս է Հայաստան, մենք մեր հարցերն ենք ներկայացնելու նրան, ցույց տալով, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր անցյալը։ Հայ դատի խնդիրներն առանցքային են հայ ժողովրդի համար։
-Արտաքին քաղաքականության տեսանկյունից, այնուամենայնիվ, դուք որոշակի տարաձայնություն ունեք Սերժ Սարգսյանի հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ հակասություններ կա՞ն։
-Երկրորդեմ՝ արտաքին քաղաքականության մեջ տարաձայնություններ որպես այդպիսիք չկան։ Ներքին քաղաքականության առումով մենք բազմաթիվ մտահոգություններ արդեն ներկայացրել ենք նախագահական ընտրությունների ժամանակ։ Դրանցից շատերը ներառվել են կոալիցիոն համաձայնագրում։ Այժմ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկում են, սակայն արմատական քայլեր են անհրաժեշտ։ Ե՛վ հասարակությունը, և՛ մենք մտահոգություն ունենք՝ արդյո՞ք այդ ամենը դրվագային գործողություններ կամ մասնավոր քայլեր չեն։ Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։
-Ասել է՝ առայժմ համակարգային փոփոխություններ չե՞ք տեսնում։
-Ո՛չ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4819

Մեկնաբանություններ